EN | AM

ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչություն


ԳՀՎ

ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչության երևանյան գրասենյակ
Պետրոս Ադամյան փ. 14,
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 60) 53 00 00 + 209

Էլ. փոստ` uno.yerevan@unic.org
URL: www.un.am

    

 

 

Մանդատը

ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունը (ԳՀՎ) ՄԱԿ-ի հանրային խոսնակն է և ՄԱԿ-ի համակարգի մասին տեղեկատվական հիմնական աղբյուրը: Օգտագործելով հաղորդակցության տպագիր, էլեկտրոնային ու նոր միջոցներ` այն ամբողջ աշխարհում բարձրացնում է ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ իրազեկության մակարդակը և նպաստում առավել լավ ճանաչմանը։

ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչության երևանյան գրասենյակը (ԳՀՎ երևանյան գրասենյակ) ստեղծվել է 1992 թ. և մեկն է աշխարհում 59 տեղեկատվական կենտրոններից, ծառայություններից և գրասենյակներից։ Բացի համաշխարհային մանդատի իրականացումից ՄԱԿ-ի ԳՀՎ երևանյան գրասենյակը համագործակցում է ՄԱԿ-ի տեղական թիմի հետ խթանելու վերջինիս աշխատանքը 2030 Զարգացման օրակարգի իրականացման, Կայուն զարգացման նպատակների առաջխաղացման ուղղությամբ։

Գրասենյակը հանդիսանում է ՄԱԿ-ի հաղորդակցության խմբի (ՄԱԿՀԽ) քարտուղարությունը։ ՄԱԿՀԽ-ի նպատակն է միավորել Հայաստանում ՄԱԿ-ի համակարգի ջանքերը և հաղորդակցություն իրականացնել որպես մեկ կառույց։ Սա նպաստում է ՄԱԿ-ի ձեռքբերումների տեսանելիության ապահովմանը, ինչպես նաև առավել հաջողված ծրագրերի լուսաբանմանը՝ համագործակցելով զանգվածային լրատվամիջոցների, կրթական հաստատությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ ՄԱԿ-ի կարևոր ուղերձները Հայաստանի բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով:  

ԳՀՎ երևանյան գրասենյակի 25 տարիների ձեռքբերումները

  • Հազարավոր դպրոցականներ և ուսանողներ մասնակցել են իրազեկման և ուսուցողական միջոցառումների, ՄԱԿ-ի հիշարժան օրերին նվիրված արարողությունների, թեմատիկ ցուցահանդեսների և մրցույթների ՄԱԿ-ի գրասենյակում և գրասենյակից դուրս։
  • Լրատվամիջոցները կանոնավոր ստացել են համաշխարհային և տեղական իրադարձությունների մասին մամուլի ծանուցագրեր և հաղորդագրություններ, Գլխավոր քարտուղարի ուղերձներ, ամփոփիչ հոդվածներ, ինչպես նաև՝ մասնակցել են լրատվական մրցույթների, վերապատրաստումների ՄԱԿ-ի հայաստանյան և գլխամասային գրասենյակում։ Արդեն 10 տարի է՝ ԵՊՀ-ում ՄԱԿ-ի մասին հատուկ դասընթաց է ուսուցանվում ապագա լրագրողներին։
  • 2000 թվականից ի վեր հազարավոր երիտասարդներ նմանօրինակել են ՄԱԿ-ի մարմինների, կոմիտեների, հանձնաժողովների նիստերը՝ստանձնելով պատվիրակների դերեր ՄԱԿ-ի մոդել խորհրդաժողովներում: Սա արտադպրոցական հիանալի միջոց է ավելին իմանալու ՄԱԿ-ի, դրա կանոնակարգերի և ընթացակարգերի մասին, բարելավելու բանակցային և հռետորական հմտությունները և խորամուխ լինելու միջազգային քաղաքական հարաբերություններում։
  • Հայաստանի ազգային գրադարանում և Երևանի պետական համալսարանում գործում են ՄԱԿ-ի ավանդապահ գրադարանները, իսկ ՄԱԿ-ի 18 անկյունները տեղակայված են այլ համալսարանների գրադարաններում և հանրային վայրերում։
  • ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայիս 3-րդ երկլեզու կայքէջը ներառում է 2500-ից ավելի տերմիններ և արտահայտություններ, հապավումներ, կոնվենցիաների և միջազգային համաձայնագրերի անվանումներ պարունակող Բառացանկ, ինչպես նաև՝ Վիրտուալ գրադարան տեղական թիմի հրատարակությունների շուրջ 500 էլեկտրոնային տարբերակներով։
  • ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի սոցիալական լրատվական հարթակները կառավարում և վերահսկում է ԳՀՎ երևանյան գրասենյակը։ 2018թ. Ապրիլ ամսվա դրությամբ ամենօրյա երկլեզու թարմացումների և գրառումների միջոցով Ֆեյսբուքյան էջի շուրջ 11,000 այցելուներ, Թվիթերի 52,000 հետևորդներ և 70,000-ից ավել Յություբյան ալիքի դիտորդներ ծանոթանում են աշխարհում ՄԱԿ-ի և հայաստանյան գրասենյակի նորություններին և տեղեկություններին։
    «ՄԱԿ-ի բարեկամներ - Հայաստան» ֆեյսբուքյան խումբը 2000-ից ավելի անդամ ունեցող ցանց է, որի միջոցով կապ է հաստատվում դպրոցականների և ուսանողների, ուսուցիչների և ծնողների հետ։
  • 1999 թ. ի վեր հարյուրավոր երիտասարներ և կարող անհատներ պրակտիկայի շրջան են անցել գրասենյակում և ներգրավվել են որպես կամավորներ: Սա նրանց համար լավ հնարավորություն է մոտիկից ծանոթանալու Միավորված ազգերի կազմակերպության աշխատանքներին` ընդլայնելով իրենց կրթական հենքը և ՄԱԿ-ի գրասենյակում աշխատանքի փորձ ձեռք բերելով։

«Տեղեկացնել, ներգրավվել, գործել» կարգախոսին հավատարիմ մնալով՝ ԳՀՎ երևանյան գրասենյակը շարունակում է տեղեկացնելով, ներգրավելով և գործելով ՄԱԿ-ի գաղափարախոսությունը փոխանցել հանրությանը:


Հարակից լուրեր

Կարդացեք ավելին Մեդիա կենտրոնում

Հարակից հրատարակություններ

Կարդացեք ավելին Վիրտուալ գրադարանում