ՄԱԿ ՓԳՀ

27/10/2009

 

Ընդհանուր տեղեկություններ

Փախստականների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի մանդատն է առաջնորդել և համակարգել միջազգային հանրության կողմից փախստականներին և ապաստան հայցողներին  աշխարհի տարբեր ծայրերում տրամադրվող աջակցությունը և լուծումներ առաջարկել փախստականների խնդիրներին: ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի առաջնային նպատակն է պաշտպանել փախստականների և ապաստան հայցողների իրավունքները և ապահովել իրենց բարեկեցությունը, միաժամանակ հարատև լուծումներ տալով իրենց խնդիրներին: 

Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը հիմնադրվեց 1992 թ.-ին, Ադրբեջանից Հայաստան ներգաղթած մոտ 400 հազար հայերի խնդիրները լուծելու հարցում աջակցություն տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքին ընդառաջ: Սկզբնական շրջանում կազմակերպությունն իր գործունեությունը հիմնականում բևեռեց հրատապ մարդասիրական կարիքները հոգալու, ինչպես նաև փախստականներին կացարաններով ապահովելու վրա: Փախստականներին կացարանով ապահովելու աշխատանքները մեկնարկեցին 1995 թ.-ին, և մինչ օրս ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը մշտական կացարաններ է տրամադրել ավելի քան 3,500 փախստական ընտանիքների:

Հետևելով Հայաստանի զարգացման միտումներին, ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակն աստիճանաբար տեղափոխեց իր ուշադրությունը մարդասիրական օգնություն տրամադրելուց դեպի փախստականների պաշտպանությունն ու աջակցությունը կազմակերպելու ու փախստականների խնդիրներին հարատև լուծումներ ապահովելու ՀՀ կառավարության ինստիտուցիոնալ կարողությունները զարգացնելը:

Ընթացիկ ծրագրեր

Ներկայումս ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը զբաղվում է Ադրբեջանից ներգաղթած prima facie փախստականների, այդ թվում` Հայաստանի քաղաքացիություն ստացած ազգությամբ հայ նախկին փախստականների, ժամանակավոր ապաստան ստացած Իրաքից ժամանած փախստականների հարցերով: Աջակցություն են ստանում նաև այն փախստականները, որ Հայաստան են եկել բացի Ադրբեջանից այլ երկրներից և ում փախստականի կարգավիճակը տրվել է համապատասխան անհատական ընթացակարգը կիրառելու միջոցով: ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակն իր գործունեությունը հիմնականում իրականացնում է գործընկեր կազմակերպությունների միջոցով: Հայաստանում ներկայումս իրականացվող ծրագրերից են. 

- Ընդհանուր հոգեբանական, սոցիալական և առողջապահական աջակցություն
ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը ՙԱռաքելություն Հայաստան՚ գործընկեր հասարակական կազմակերպության հետ միասին  շարունակում է սոցիալական և նյութական աջակցություն տրամադրել Ադրբեջանից ներգաղթած մոտ 6,000 փախստականներին և քաղաքացիություն ստացած նախկին փախստականներին, որոնք բնակվում են Երևանի և Կոտայքի մարզի հանրակացարաններում, ինչպես նաև ժամանակավոր ապաստան ստացած Իրաքից փախստականներին: Ծրագրի շրջանակներում անկողնային հիվանդները, միայնակ, տարեց, հաշմանդամ և խիստ կարիքավոր փախստականները ստանում են ընդհանուր սոցիալական և առողջապահական աջակցություն, որի մեջ մտնում է անհատական խնամք, անձնական հիգիենայի պարագաների տրամադրում, սոցիալական աջակցություն և ուղեգրում գործող սոցիալական ծառայություններին:  ՙԱռողջապահության և կրթության կենտրոն՚ ՀԿ-ի հետ համագործակցությամբ հոգեբանական աջակցություն է տրամադրվում Իրաքից փախստականներին` անհատական և խմբային խորհրդատվության միջոցով: 

Հայաստանի Կարմիր խաչի միջոցով ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակն ընդհանուր սոցիալական և նյութական աջակցություն է տրամադրում ապաստան հայցողներին և հնարավորություններ է ստեղծում սեփական կարիքներն իքնուրույն հոգալու համար: Կարմիր խաչի հետ համագործակցությամբ շարունակվում է աշխատանքն ապաստան հայցողներին տրամադրվող աջակցության գործող մեխանիզմները կայացնելու և զարգացնելու ուղղությամբ` երաշխավորելու, որ փախստականների խնդիրները լուծվում են միջազգային չափանիշներին համաձայն:

- Մասնագիտական վերապատրատում և լեզվի ուսուցում 
Փախստականների համար կազմակերպվում են մասնագիտական վերապատրատման, այդ թվում` կարուձևի, վարսահարդարման, նկարչության, արհեստների և համակարգչային հմտությունների զարգացման, ինչպես նաև հայերենի և անգլերենի դասընթացներ:

- Միկրովարկավորում
2008 թ.-ին ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ Միգրացիայի միջազգային կազմակերությունը սեփական գործ սկսելու թեմայով 4 ուսումնական դասընթաց անցկացրեց 38 շահառուների (35 փախստական, 3 տեղացի) համար: Ներկայացված բիզնես ծրագրերի վերլուծության արդյունքում տրամադրվեց 17 վարկ (14` Իրաքից փախստականներին, 3` տեղացիներին): Վարկի միջին չափը կազմեց ԱՄՆ 4,100 դոլար: Զանազան ձեռնարկություններ հիմնվեցին սպասարկման (29%), արտադրության (18%) և առևտրի (53%) ոլորտներում: Ընդհանուր առմամբ, ՄՄԿ միկրովարկավորման ծրագրի շրջանակներում ստեղծվեց 42 աշխատատեղ 35 Իրաքից փախստականների և 7 տեղացիների համար:  

- Կացարանի տրամադրում և ինտեգրում
ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը YMCA - Կացարան գործընկեր հասարակական կազմակերպության համագործակցությամբ և Միգրացիոն  գործակալության հետ գործընկերությամբ լրացրեց սոցիալական բնակարանների մատչելիության ոլորտում առկա բացը` Իրաքից փախստականների համար սոցիալական բնակարաններ ապահովելու միջոցով: Արարատի մարզի Դարբնիկ գյուղում գտնվող շենքը բնակարանային համալրի վերածելու և Երևանի Նոր Նորք համայնքի հանրակացարանի առաջին մասնաշենքի 3րդ հարկի վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո առավել ապահահով Իրաքից փախստականներին կտրամադրվի 60 բնակարան:

Ավելին, Նոր Նորքի հանրակացարանում ջրամատակարարման և կոյուղու համակարգերի տեղադրմամբ բարելավվեցին մոտ 100 անապահով փախստականների բնակարանային պայմանները:

ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի կողմից իրականացրած դրամահավաքի շնորհիվ իրականացվում է Սյունիքի մարզի Իշխանասար համայնքի դպրոցի շինարարության ծրագիրը: Այն համաֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության, Հայաստանի Սոցիալական ներդրումների հիմնադրամի և ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակի կողմից:  

- ՙՀանդուրժողականությունն է մեր ուղերձը՚ ՄԱԿ ՓԳՀ/ՄԱԶԾ համատեղ ծրագիր
ՙՀանդուրժողականությունն է մեր ուղերձը՚ ՄԱԿ ՓԳՀ/ՄԱԶԾ համատեղ ծրագրի շրջանակներում ՙԱպագան քոնն է՚ բարեգործական կազմակերպությունը ներգրավել է երիտասարդ ծնողների, ուսանողների և ուսուցիչների մեծ խումբ, որը մասնակցում է ինտերակտիվ դասընթացների, կլոր սեղանների, հեռուստատեսային և ռադիո հաղորդումների, վեպ կայքի և օրացույցի մշակմանը:  Ծրագրի միջոցառումները մեծ հաջողությամբ անցկացվեցին Երևանի, Կոտայքի և Արարատ մարզերի դպրոցներում` Ադրբեջանից և Իրաքից ներգաղթած փախստական երեխաների լայն մասնակցությամբ: Հանդուրժողականության թեմային նվիրված զանազան միջոցառումները, այդ թվում` բեմականացումները, խաղերը, շարադրությունների և նկարների մրցույթները, քննարկումներն ու բանավեճերը մեծ դրանակ քայլ հանդիսացան փախստականների ինտեգրման գործում:  Բաց քննարկումների և հարցուպատասխանի միջոցով մասնակիցները, որոնց շարքում էին թե° տեղացիներն ու թե° փախստականները, անդրադարձան նախկինում երբևէ չքննարկված հանրությանը հուզող բազմաթիվ հարցերին: Հանդուրժողականության առանցքային իմաստը ձևակերպվեց ՙՀանդուրժողականությունն է մեր ուղերձը՚ կարգախոսով:

- Ապաստանի տրամադրման վերաբերյալ իրավական դաշտի կայացում 
Հայաստանը 1993 թ.-ին վավերացրեց Փախստականների կարգավիճակի մասին 1951 թ.-ի Կոնվենցիան և 1967 թ.-ի Արձանագրությունը, և անդամակցում է մարդու իրավունքների մասին համապատասխան միջազգային համաձայնություններին:  Փախստականների մասին օրենքն ընդունվեց 1999 թ-ին (լրացվելով և փոփոխվելով 2001-ին, 2002-ին և 2004-ին), ի կատարումն 1951 թ.-ի Կոնվենցիայի ներքո Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների: Թեպետ Փախստականների մասին օրենքը բավական առաջադեմ է և մշակված, առկա են որոշակի բացեր, որ կարող են խոչընդոտել ապաստան հայցողներին և փախստականներին գործնական աջակցություն և պաշտպանություն տրամադրելու ընթացքը: Երկրի օրենսդրությունում առկա բացերը հստակ ձևակերպելու նպատակով 2005 թ.-ին ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը, Դանիայի փախստականների հարցերով խորհուրդը և Միգրացիոն գործակալությունը համատեղ իրականացրին Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության մասին ՀՀ օրենսդրության բացերի համապարփակ վերլուծություն:  Վերլուծության նպատակն էր բացահայտել ՀՀ գործող օրենսդրության մեջ առկա հիմնական բացերը միջազգային չափանիշների ներքո: Վերլուծությունը բացահայտեց մի շարք կարևոր բացեր, որոնցից է փախստականներին և ապաստանին վերաբերող բազմաթիվ երբեմն իրարամերժ ՀՀ կառավարության որոշումների առկայությունը: 

Որպես բացերի վերլուծության շարունակություն և այդ բացերը լրացնելու և ՀՀ համապատասխան օրենսդրությունը բարելավելու նպատակով 2006 թ.-ին ստեղծվեց ՄԱԿ ՓԲՀ-ի գրասենյակի և Միգրացիոն գործակալության մասնագետներով համալրվաց աշխատանքային խումբ, որը ստանձնեց Փախստականների և ապաստանի մասին նոր օրենքի նախագծի մշակումը: Օրինագիծն արտացոլում է 1951 Կոնվենցիայով ամրագրված փախստականների պաշտպանության հիմնական սկզբունքները,  Կոնվենցիայի վավերացումից հետո ոլորտում տեղի ունեցած զարգացումները թե° միջազգային և թե° տարածաշրջանային մակարդակներով, մասնավորապես` Եվրոպայում ընդունված ստանդարտներն ու նորմերը: Փախստականների և ապաստանի մասին նոր օրենքն երրորդ ընթերցմամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց 2008 թ.-ի նոյեմբերի 26-ին, հրապարակվեց 2009 թ.-ի հունվարի 19-ին և ուժի մեջ մտավ 2009 թ.-ի հունվարի 24-ից:  Օրենքը կարգավորում է փախստականներին և ապաստան հայցողներին ընդունելու և ադմիսիայի հիմնական ասպեկտները միջազգային չափանիշներին համաձայն, միևնույն ժամանակ երաշխավորելով ապաստանի իրավունքի պաշտպանությունը և երկրի ազգային անվտանգության ապահովումը:

- Կարողությունների զարգացում` SPCP-SC
Հարավային Կովկասում Փախստականների պաշտպանության ոլորտում կարողությունների զարգացման ծրագրի (Strengthening Protection Capacity Project - Southern Caucasus (SPCP-SC) շրջանակներում ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը կազմակերպեց երկօրյա խորհրդակցություն ՀՀ Կառավարության, Եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի կառույցների, տեղական և միջազգային գործընկեր կազմակերպությունների, ՀԿ-ների և շահառուների հետ: Փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության ոլորտում բացահայտված բացերի մասին թարմացված զեկույցը հանդիսացավ խորհրդակցության հիմնական փաստաթուղթը: Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ կողմերը համաձայներին առկա բացերի շուրջ և առաջարկեցին քայլեր` այդ բացերը լրացնելու համար: Այդ բացերն ըստ առաջնահերթության դասակարգելուց հետո ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը, խորհրդակցելով և համակարգելով աշխատանքները բոլոր այլ շահագրգիռ կողմերի հետ, կմշակի գործողությունների ծրագիր, որը կպարունակի կարճաժամկետ և հեռանկարային հետագա հիմնական անելիքները, ծրագրերը, ժամկետները և իրականացնողներին, ինչպես նաև իրականացման եղանակները:

SPCP-SC ծրագրի շրջանակներում ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը վերանորոգեց և ընդլայնեց ապաստան հայցողների ընդունման կենտրոնը, այն հնարավորին չափ մոտեցնելով միջազգայնորեն ընդունված չափանիշների:
Նույն ծրագրի շրջանակներում աջակցություն տրամադրվեց Միգրացիոն գործակալության կարողությունների զարգացման գործում. ՄԱԿ ՓԳՀ-ի օգնությամբ մշակվեց նոր համակարգչային ծրագիր, որը թույլ կտա բարելավել փախստականների վերաբերյալ տվյալները պահելը և օգտագործելը: Ներկայումս կատարվում են համակարգչային ծրագրի փորձարկման և վերջնականացման աշխատանքները: 

- Իրավախորհրդատվություն և աջակցություն 
ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը շարունակում է անվճար իրավախորհրդատվություն և աջակցություն տրամադրել փախստականներին և ապաստան հայցողներին, երաշխավորելով յուրաքանչյուր ապաստան հայցողի պաշտպանությունը: Այս ծառայությունը տրամադրվում է ՙՊաշտպանություն՚ իրավախորհրդատվական մասնավոր ընկերության հետ համատեղ: ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը նաև աջակցություն է տրամադրում 2008 թ.-ից փախստականներին և ապաստան հայցողներին անվճար իրավախորհրդատվություն տրամադրող իրավախորհրդատվական կլինիկաներին, որ գործում են Հայաստանի 4 համալսարաններին կից:  Բացի այդ, ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակն իրականացնում է  ապաստան հայցողների և փախստականների, ինչպես նաև քաղաքացիություն ստացած նախկին փախստականների, սոցիալ-տնտեսական և քաղաքացիական իրավունքների մոնիտորինգ, հատուկ ուշադրություն դարձնելով հանրակացարաններից վտարելու սպառնալիքներին, ՄԱԿ ՓԳՀ-ի և կառավարության կողմից կառուցած տարածքների սեփականաշնորհմանը, և այլ նման խնդիրներին: 

- Փախստականների և ապաստան հայցողների շրջանում սեռական և գենդերային բռնության դեպքերի բացահայտում և արձագահք
ՙՔաղաքական վերլուծությունների Թուրփանջյան կենտրոն՚ գործընկեր կազմակերպության միջոցով ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը իրականացրեց հետազոտություն կին փախստականների և ապաստան հայցողների  շրջանում սեռական և գենդերային բռնության տարածվածության և դրսևորումների վերաբերյալ: Հետազոտության արդյունքները, որ հիմնականում վերաբերում էին կին փախստականների և ապաստան հայցողների պաշտպանության հետ կապված ռիսկերին, քննարկվեցին Կանանց իրավունքների կենտրոնի կողմից կազմակերպած կլոր սեղանին, հրատարակվեցին և ներկայացվեցին կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին:

- Փախստականների մասին օրենսդրության զարգացում/մասնագիտացման բարձրացում                                                                                                 
1951 թ.-ի Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիայի 35րդ հոդվածի ներքո ՄԱԿ ՓԳՀ-ին շնորհված վերահսկողական լիազորությունների շրջանակներում կազմակերպությունն ակտիվորեն ներգրավված է փախստականներին և ապաստան հայցողներին վերաբերող հարցերի շուրջ  ՀՀ կառավարության պատգամ մարմինների (Միգրացիոն գործակալություն, դատական համակարգ, իրավապահ մարմիններ) և քաղաքացիական հասարակության (ՀԿ-ներ, համալսարաններ և գիտական կառույցներ) մասնագիտացումը բարձրացնելու գործում:  Արդյունքում փախստականներին վերաբերող իրավունքը ներկայումս ընդգրկվել է 8 համալսարանների ուսումնական ծրագրերում: 
ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը Երևանում շարունակում է աջակցել Միգրացիոն գործակալությանն ապաստանի վերաբերյալ ներպետական իրավական դաշտը բարելավելու գործում: Աջակցության շրջանակներում իրականացվում են օրինաստեղծ և իրավական ոլորտներում կարողությունների զարգացման միջոցառումներ, այդ թվում` փախստականի կարգավիճակը որոշելու համար անցկացվող հարցազրույցների համատեղ վարում, պարբերական քննարկումներ, ուղղորդում և վերապատրաստում: Այս նպատակով նաև պատրաստվել և համապատասխան ցուցումներով տարածվել է բազմալեզու տեղեկատվական թերթոն:

Սահմանների կառավարում

ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը շարունակում է սահմանի պարբերական մոնիտորինգը և ուսուցման ու վերապատրաստման աշխատանքերը: 2007 թ.-ին ստեղծված սահմանների կառավարման հարցերով աշխատանքային խումբը 2008 թ.-ի ընթացքում իր պարբերական հանդիպումներին քննարկեց սահմանային կառավարմանը ներգրավված տարբեր գերատեսչությունների դերերը և պարտականությունները նկարագրող փախստականներին և ապաստան հայցողներին ընդունելու և ադմիսիայի ընթացակարգի մշակումը: Միգրացիոն գործակալության հետ համատեղ մշակվեց ՙՍահմանի վրա ապաստան հայցողներին բացահայտելու ստուգաթերթիկը՚, որը փախստական հայցողին հանդիպելու դեպքում գործնական քայլերը նկարագրելուց բացի պարունակում է նաև տեղեկություններ ոլորտը կարգավորող հիմնական միջազգային և ներպետական նորմերի վերաբերյալ:

Մարդկային անվտանգության ՄԱԿ-ի Հիմնադրամ (United Nations Trust Fund for Human Security)
2008 թ.-ին ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ համատեղ մշակվեց և Մարդկային անվտանգության ՄԱԿ-ի հիմնադրամ ներկայացվեց ՙՍոցիալապես անապահով փախստականների, ներքին տեղահանվածների և տեղական ընտանիքների կայուն եկամուտների աղբյուրների ապահովում՚ վերնագրով ծրագրային հայտ: Ծրագրային հայտերը ուսումնասիրող հանձնաժողովի դիտողությունները և առաջարկները հաշվի առնվեցին և 2008 թ.-ի դեկտեմբերի վերջին վերանայված հայտը կրկին ներկայացվեց Հիմնադրամի գրասենյակ Նյու Յորքում: ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակը համակարգում է այս ոլորտը և հետևաբար լիարժեք պատասխանատվություն է ստանձնել ծրագրային հայտի մշակման համար: Ծրագիրը ՄԱԿ-ի հիմնադրամի կողմից հաստատվեց 2009 թ.-ի փետրվարի սկզբին:

Գործընկերներ

Տեղական գործընկեր կազմակերպություններ

ՀՀ Տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի Միգրացիոն գործակալություն

ՀԿ-ներ

Առաքելություն Հայաստան, YMCA Կացարան, Հայկական Կարմիր խաչ, Առողջապահության և կրթության կենտրոն, CRINGO-net, Կանանց իրավունքների կենտրոն, Ապագան քոնն է, և այլն:

Միջազգային գործընկերներ

ՄԱԿ-ի գործակալություններ, Համաշխարհային բանկ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն, Եվրախորհուրդ, ԵԱՀԿ, Միգրացիայի միջազգային կազմակերպություն, Շվեյցարիայի միջազգային զարգացման գործակալություն, Նորվեգիայի փախստականների հարցերով խորհուրդ, Դանիայի փախստականների հարցերով խորհուրդ, ԵՄ, Միջազգային կարմիր խաչի կոմիտե:  

Միջոցառումների օրացույց
ՄԱԿ-ի հիշարժան օրեր
Սեպտեմբերի16

Օզոնի շերտի պահպանման միջազգային օր

Սեպտեմբերի 21

Խաղաղության միջազգային օր

Հոկտեմբերի 5

Ուսուցիչների միջազգային օր

ՄԱԿ-ի հիշարժան օրեր
Follow UN Armenia on:
facebook_sm.jpg  twitter_sm.jpg  youtube_sm.jpg  rss_feed_sm.jpg 
Disclaimer
Առանցքային թեմաներ
ՄԱԿԶԱԾ 2010-2015
ՄԱԿ-ի Հազարամյակի Զարգացման Նպատակներ
Գլոբալ Հայաստան
ՄԱԿ-ի բարեփոխումներ
ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատակազմ
ՄԱԿ-ի նորություններ
ՄԱԿ-ի Տեղեկատվական գրադարան
Վեբկայքը` Broncoway
Copyright @ 2008-2009 UN Armenia
Administered by UNDPI, Yerevan, Armenia
Վեբկայքի դիտումը միայն IE7 և MF3.0 և ավելի բարձր համարի թողարկումների դեպքում: