Միավորված ազգերի կազմակերպության պարենի համաշխարհային ծրագիրը Հայաստանում հաստատվել է 1993 թվականի սեպտեմբերին: ՊՀԾ-ի ընդհանուր նպատակը Հայաստանի ամենակարիքավոր խմբերի պարենային դրության բարելավումն է, միաժամանակ օժանդակելով կարիքավոր համայնքներին վերականգնել գյուղական ենթակառուցվածքները և զարգացնել մարդկային ներուժը:
Իր գործունեության 15 տարիների ընթացքում ՊՀԾ պարենից օգտվել է տարեկան միջին հաշվով 200 հազար կարիքավոր մարդ: Եթե 1993-2004թ. ՊՀԾ օգնությունից օգտվում էր ամբողջ երկրի կարիքավոր բնակչությունը, դրանից հետո միայն չորս մարզեր՝ Լոռին, Շիրակը, Գեղարքունիքը և Տավուշը, ինչպես նաև Երևանը։ Մինչև 2008թ.ի առաջին եռամսյակը ՊՀԾ-ն տրամադրել է 156 հազար տոննա մարդասիրական պարեն։
Սկզբում ՊՀԾ-ի օգնությունից օգտվողները փախստականներն ու երկրի ներսում տեղահանվածներն էին: Սակայն շատ չանցած ՊՀԾ-ն սկսեց հոգալ նաև տեղական բնակչության կարիքները, քանի որ տեղացիների կյանքը գրեթե նույնքան դժվար էր, որքան տեղահանվածներինը: ՊՀԾ մթերաբաժինները տասնյակ հազարավոր մարդկանց համար մեղմացրել են ներքին ու արտաքին սոցիալ-տնտեսական ցնցումների հետևանքները: Շատերի համար ՊՀԾ-ն եղել է պարենային օգնության ու հույսի հենարան:
1999 թվականի կեսից արտակարգ օգնության ծրագիրը փոխարինվեց օգնության ու վերականգնման տևական ծրագրով: Սակայն 2000թ. վերջին ՊՀԾ-ն ձեռնարկեց ևս մի արտակարգ օգնության ծրագիր՝ այդ տարվա ամռանը տեղի ունեցած երաշտից տուժածներին օգնություն հասցնելու համար:
ՊՀԾ-ն հիմնականում իրականացնում է 4 ծրագիր՝ մթերաբաժինների անվճար բաշխումներ, սնունդ աշխատանքի դիմաց, սնունդ ուսուցման դիմաց և դպրոցական սնունդ։ Պարենային դրության բարելավմանն ուղղված ՊՀԾ-ի ջանքերը հետզհետե ավելի շատ են ուղղվում գյուղական ենթակառուցվածքների բարելավման ջանքերին։
ՊՀԾ-ն անվճար բաշխվող սննդի մինչև 60 տոկոսը տրամադրում է կանանց. նրանց մասնակցությունը հնարավորինս խրախուսվում է ՊՀԾ այլ ծրագրերում:
ՊՀԾ-ն պարենը Հայաստան է բերում Վրաստանի սևծովյան Փոթի նավահանգստով, ապա՝ երկաթուղիով: 1994-1997 թթ. ՊՀԾ-ի ֆինանսավորումով Կովկասի նյութատեխնիկական ապահովման խորհրդատվական բաժինը 1,8 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն հատկացրեց Հայաստանի երկաթուղային ենթակառույցի բարելավմանը: Սնունդը Հայաստանի ներսում տեղափոխելու համար ՊՀԾ-ն օգտվում է տեղական բեռնափոխադրող ընկերությունների ծառայություններից:
Պարենի պահեստավորման ու առաքման համար ՊՀԾ-ն օգտագործում է պահեստներ Երևանում ու Վանաձորում:
Ընթացիկ ծրագրեր
Ընթացիկ ծրագրով (2007թ. հուլիս-2008թ. դեկտեմբեր), որից օգտվում է տարեկան 100 հազար մարդ, կավարտվի ՊՀԾ գործունեությունը Հայաստանում։ ՊՀԾ-ն կառավարությանը և այլ գործընկերների տեղեկացրել է 2008թ.ի վերջին իր առաքելությունը երկրում ավարտելու մտադրության մասին։ Ծրագրի չորս բաղադրիչները նպաստում են Հազարամյակի զարգացման 1,2,3,6,7 նպատակների և ՄԱԿ-ի Զարգացման օժանդակության ծրագրի իրականացմանը։ Դրանք են՝
Անվճար սննդի բաշխում, որից օգտվում է ամենակարիքավոր բնակչությունը՝
հաշմանդամներ, ծնողազուրկ երեխաներ, կանանց գլխավորած ընտանիքներ, միայնակ անօգնական ծերերը և բազմազավակ ընտանիքներ։ Անվճար բաշխման ցուցակները տրամադրում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Սնունդ աշխատանքի դիմաց ծրագիրն օժանդակում է կարիքավոր համայնքների դպրոցների, մանկապարտեզների, գյուղատնտեսական պահեստների, խմելու և ոռոգման ջրագծերի վերականգնման և գյուղմթերքների արտադրության աշխատանքների, դրանցում ներգրավելով համանքների աշխատունակ, բայց գործազուրկ անդամներին։
Սնունդ ուսուցման դիմաց ծրագիրը խթանում է կարիքավոր գյուղական և փոքր քաղաքների մարդկանց, որտեղ բարելավման հնարավորություն գրեթե չկան։ Փոքր ֆերմերներն ստանում են գյուղատնտեսական գիտելիքներ և սովորում են հմտություններ, իսկ գործազուրկ քաղաքաբնակները սովորում են, թե ինչպես զբաղվել փոքր բիզնեսով։
Դպրոցական սնունդ ծրագիրը նպաստում է երեխաների կանոնավոր հաճախումներին, բարելավում է դասի ժամանակ կենտրոնանալու և նյութն ընկալելու ունակությունները։ Միաժամանակ ծրագիրը նպաստում է ծնող-դպրոց հարաբերությունների ամրապնդմանը։
Գործընկերները
ՊՀԾ-ն աշխատում է տեղական և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որը հնարավոր է դարձնում կայուն զարգացման սկզբունքների և աղքատության հաղթահարման ջանքերի ինտեգրումը։ Այդ կազմակերպություններն են ՄԱԿ-ի գործակալությունները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և դրա վարչությունները, որոնք զբաղվում են □Փարոս□ համակարգով, ընտանեկան նպաստներով և ծերերի տնային խնամքով, ինչպես նաև մարզպետարանները, տեղական իշխանությունները, Վետերանների միությունը, ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնը։ ՊՀԾ-ի գործընկերներն են նաև ոչ-կառավարական կազմակերպություններ, ֆերմերային ասոցիացիաներ, համայնքների միությունները։
Տվյալներ
Ծրագրերի պատասխանատու Լիանա Խառատյան
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ,
Երևան 0010, Պետրոս Ադամյան 14
Հեռ. (+374 1) 58 05 38, 56 49 04
Ֆաքս. (+374 1) 54 27 41
Էլ. փոստ. WFP.Yerevan@wfp.org wfp.yerevan@wfp.org